Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա (տեսանյութ)
Հոկտեմբերի 12-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա: Միջոցառումը կազմակերպել է IQ Center Global Education-ը՝ 4-14 տարեկան երեխաների համար,-տեղեկացնում է Tert.am-ը.
«Մենթալ թվաբանությունը ինտելեկտուալ կարողությունների զարգացում է: 21-րդ դարի խնդիրը երեխաների մոտ հիշողության պակասն է և չկենտրոնանալու մեծ բացը: Մենթալ թվաբանության շնորհիվ փորձում ենք հենց շտկել դա՝ կենտրոնանալ և ունենալ լավ հիշողություն: Բավականին մեծ հաջողություններ ունենք ոչ միայն մաթեմատիկական առարկաների մեջ, այլ ընդհանրապես կենցաղում», - ասաց IQ Center Global Education-ի հիմնադիր տնօրեն Յուլյա Գասպարյանը:
Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային մասնակցում է 512 երեխա, որից 120-ը ժամանել են արտերկրից՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ալմաթիից, Սոչիից, Կիևից և Ուլան-Ուդեից:
Օլիմպիադայի պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, որին էլ վստահվեց մեկնարկային ելույթը:
«Շատ ուրախ եմ, որ բոլորդ զբաղվում եք Մենթալ թվաբանությամբ, դա մեր ապագան է: Համակարգիչներով շատ հեշտ է, նրանք լուծում են խնդիրները ձեր ուղեղի փոխարեն, բայց ես ուրախ եմ, որ դուք օգտագործում եք ձեր ուղեղները, ձեր ինտելեկտը թվերի հետ պայքարի մեջ: Իմ թոռնիկը՝ Սավաննան, անցյալ տարի հաճախեց այս դպրոցը և շատ-շատ կարոտում է, ուզում է նորից գալ և միանալ ձեզ»,- նշեց Նունե Սարգսյանը:
Օլիմպիադայի արդյունքներով լավագույն 6 մասնակիցները նոյեմբերի 1-4-ը IQ Center-ի ֆինանսավորմամբ մեկնելու են Սոչի՝ մասնակցելու 2 միջազգային մրցույթի: Բացի 6 հաղթողների Սոչի ուղևորությունից, նախատեսվում են այլ մրցանակներ նաև օլիմպիադայի մյուս մասնակիցների համար:
Մանրամասները՝ տեսանյութում: